ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԻՆԸ`ԿԵՐՏԵՆՔ ՆՈՐԸ

13.01.2014 09:54

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին մշակվում է Երևանի գլխավոր հատակագիծը: Շինարարության պլանի իրագործման և նոր ճարտարապետական շինությունների իրականացման համար անհրաժեշտ է դառնում բարձրորակ մասնագետների ներգրավումը: Այդ նպատակով հանրապետության կառավարության հրավերով տարբեր քաղաքներից գալիս են մասնագետներ, այդ թվում և ճարտարապետներ: Հրավիրվածների շարքում էր  Նիկոլայ Բունիաթովը (Նիկողայոս Բունիաթյան), որը զբաղեցնում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը 1924 թվականից մինչև 1938 թվականը:

ԳՅՈՒՂԲԱՆԿԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Հանրապետության արագ աճող տնտեսության պայմաններում անհրաժեշտություն է դառնում նոր քաղաքացիական կառույցների շինարարությունը, մասնավորապես բանկերի համար շենքերի կառուցումը: Գյուղատնտեսական բանկի շենքի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին: Նրա ղեկավարությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով` Գյուղբանկի կառուցման համար:

1924 թվականի նոյեմբերի 15-ին «Շինարար» բաժնետիրական շինարարական կազմակերպության և Երևանի քաղխորհրդի միջև կնքվում է պայմանագիր, որի համաձայն «Շինարար»-ին թույլատրվում է կառուցել Նալբանդյան 2 փողոցում  գտնվող շենքի երկրորդ հարկը: Պայմանագրում գծագրված էին շինարարության սահմանները` Կոմունալ բանկի հարավ-արևմուտքից դեպի Նալբանդյան փողոցի հյուսիս-արևմուտք և տնտեսական խանութների հյուսիս-արևելքից մինչև Կոմունալ բանկի բակի հարավ-արևելք, ընդհանուր մակերեսը` 68.5 քառ. սաժեն: Տեղամասը 49 տարով տրվում է վարձակալության, իսկ շենքի շինարարության իրականացումը ստանձնում է «Շինարար» բաժնետիրական ընկերությունը:  Համաձայն նախագծի` շինարարությունը պետք է ընդգրկեր ոչ պակաս, քան 60 քառ. սաժեն` 7 սենյակով:

Իսկ արդեն 1925 թվականի հոկտեմբերի 5-ին «Շինարար» բաժնետիրական ընկերության և Գյուղբանկի վարչության միջև կնքվում է նախնական համաձայնություն բանկի շենքի կառուցման վերաբերյալ:

1926 թվականի փետրվարի 10-ին նշանավոր ճարտարապետ Բունիաթովի և Գյուղատնտեսական բանկի միջև ստորագրվում է պայմանագիր` բանկի շենքի նախագծման նպատակով, և արդեն 1926 թվականի օգոստոսի 10-ին Երքաղխորհրդի և Գյուղբանկի վարչության միջև կնքվում է պայմանագիր` շենքը կառուցելու նպատակով 49 տարով հողատարածք վարձակալելու մասին: Տեղամասը գտնվում էր Երևանի առաջին մասում, 43 համարի ներքո, Էնգելսի և Տեր-Ղուկասովսկու փողոցների անկյունում: Տեղամասն ընդգրկում էր Երքաղխորհրդի հարավ-արևմուտքից մինչև «Շինարար» բաժնետիրական ընկերության հյուսիս-արևմուտք և Տեր-Ղուկասովսկու փողոցի հյուսիս-արևելքից Էնգելսի փողոցի հարավ-արևելք ընկած տարածքը: Տեղամասի ընդհանուր մակերեսը կազմում էր 274.64 քառ. սաժեն, սակայն պայմանագրում նշվում է, որ սահմանները կարող են նաև ընդլայնվել: Նույն օրը կնքվում է պայմանագիր Գյուղբանկի և «Շինարար» բաժնետիրական ընկերության միջև` Գյուղբանկի շենքի կառուցման մասին, իսկ 1927 թվականին սկսվում է բանկի աշխատակիցների համար հանրակացարանի շենքի կառուցումը:

Հաստատված պլանի համաձայն` բանկի շենքի կառուցումը պետք է սկսվեր 1925 թվականի հոկտեմբերի 1-ից, և շենքը շահագործման հանձնվեր 1927 թվականին, սակայն մի շարք պատճառներով շենքի կառուցման աշխատանքներն ավարտվում են 1929 թվականին:

Գյուղատնտեսական բանկը հիմնված էր Հայաստանի 29 կետերում տեղակայված` գյուղատնտեսական վարկեր տրամադրող ընկերությունների վրա: Բանկի միջոցները կազմում էին սեփական կապիտալը, Կենտրոնական Գյուղտնտբանկից փոխառությունները և ընթացիկ հաշիվները:

Բացման պահին Գյուղատնտեսական բանկի կապիտալը կազմում էր 750 հազ. ռուբլի, բանկն ուներ սահմանափակ առևտրային գործառույթներ: Գյուղբանկն իր գործունեությամբ նպաստեց Հայաստանում գյուղատնտեսության վերականգնմանը:

ԳՅՈՒՂԲԱՆԿԻ ՇԵՆՔՈՒՄ և ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1928 թվականին Էրիվանյան քաղխորհուրդը որոշում է ընդունում Գյուղատնտեսական բանկի տեղամասի վարձակալության ժամկետը 49 տարուց երկարաձգել մինչև 65 տարի: Համաձայն 1928 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված ակտի` Գյուղատնտեսական բանկի շենքում տեղակայվում են հետևյալ հաստատությունները` Ոռոգման աշխատանքների վարչությունը, Անդրկովկասյան երկաթուղու քաղաքային կայանը, Հայբնակկոոպը, Էրիվանի կոմունալ տրեստը, Պետական արդյունաբերությունը:

Արխիվի փաստաթղթերում կան տեղեկություններ այն մասին, որ Նալբանդյան և Էնգելս փողոցների անկյունում Գյուղբանկից բացի  գտնվում էին տարբեր հաստատություններ: 1944 թվականին շենքում տեղակայվում է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետաշխդրամարկղերի և պետվարկի վարչությունը, հետագայում` ՍՍՀՄ Պետաշխխնայդրամարկղի հայկական հանրապետական գլխավոր վարչությունը: Նախկին Կովկասյան բանկի աջ թևում` Մարքսի փողոցում (նախկին Բազարնայա), 20-ական թվականներից հետո տեղակայվել է Ռուսական բանկը (Մարքսի 4), հանգուցային գործկոմը (Узисполком), Կոմունալ տնտեսությունը (Коммуньхоз), հանգուցային քաղաքային միլիցիան (Узгормилиция) (Մարքսի 6):

Իսկ երկու բանկերի միջև գտնվող տարածքը տրվում է վարձակալության հինգ վաճառասրահի, որոնցից հատկապես ձկան խանութը շատ հայտնի էր բնակչության շրջանում:

ՇԵՆՔԻ ՎԻՃԱԿԸ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Ժամանակն անդառնալի հետք է թողել այս կառույցների վրա` խարխլելով ամրությունը և սկզբնական դիզայներական տեսքը: Շենքի ենթակառուցվածքները ևս չեն համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին:  

Հիշյալ կառույցները բազմամյա օգտագործման և մթնոլորտային ազդեցությունների հետևանքով ստացել են տարբեր բնույթի և աստիճանի բազմաթիվ վնասվածքներ, բացի այդ, շենքի կոնստրուկտիվ համակարգում և տեխնիկական լուծումներում առկա են մի շարք անհամապատասխանություններ գործող ՀՀՇՆ II-6 02-2006 «Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր»-ի դրույթներին: Արդյունքում` շենքի տեխնիկական կոնստրուկտիվ վիճակը գնահատվել է անբավարար, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող նորմերի սանդղակի, դասվում է 3-րդ աստիճանի, ինչն ըստ ՀՀՇՆ 11-6.02-06-ի աղյուսակ 24-ի նախատեսում է շենքի շահագործվող հատվածից մարդկանց տարհանում` շենքի վերականգնման և ուժեղացման նպատակով:

Կարևորելով շենքի ճարտարապետական նշանակությունը և այն պահպանելու անհրաժեշտությունն ու գալիք սերունդներին ժառանգություն թողնելու  առաքելությունը` շենքի սեփականատերն ամենայն պատասխանատվությամբ ու մեծ հոգածությամբ նախաձեռնել է այդ կառույցների վերակառուցման աշխատանքները` պահպանելով հինն ու կերտելով նորը:

Շենքի վերակառուցման և տեղում հասարակական բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման պատվավոր գործը ստանձնել է «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն, որն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում է կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ:

Նախագծեր

Տեղեկատվություն